Ո՞վ կփոխարինի Արզուման Հարությունյանին ԱԱԾ-ում. պարզաբանում է Արթուր Վանեցյանը
Ես շարունակում եմ պնդել, որ Արզուման Հարությունյանը ԱԱԾ լավագույն սպաներից, գեներալներից մեկն է, ազնիվ գեներալ է: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով փաստին, որ օրերս աշխատանքից հեռացել է ԱԱԾ փոխտնօրեն Արզուման Հարությունյանը, ով Գագիկ Հարությունյանի եղբայրն է:
«Նա ոչ թե հեռացվել է, այլ ներկայացրել է երկարաժամկետ ծառայության կապակցությամբ ազատման դիմում, որը բավարարվել է: Դիմումում գրված է եղել՝ խնդրում եմ ինձ ազատել աշխատանքից կենսաթոակային տարիքս լրանալու եւ երկարաժամկետ ծառայության համար»,-ասաց նա:
Հարցին, թե կադրային փոփոխություններ ԱԱԾ-ում կլինե՞ն, Վանեցյանը պատասխանեց. «Իհարկե, պարոն Հարությունյանի տեղը պետք է նշանակվի նոր տեղակալ: Թեկնածուները պետք է լինեն ԱԱԾ-ից, որովհետեւ օրենքն այլ լուծում թույլ չի տալիս»:
Հիշեցնենք, որ մայիսի 24-ին հրաժարական է տվել ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը: Նույն օրը հրաժարականի դիմում է ներկայացրել նաեւ ԱԱԾ փոխտնօրեն, Գագիկ Հարությունյանի եղբայրը՝ Արզուման Հարությունյանը: