Ինչի՞ արդյունքում են աճել «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի ղեկավարի եկամուտները
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում հրապարակված տվյալների համաձայն՝ «Մարտի մեկի» գործով քննչական խմբի ղեկավար Հրաչյա Մուշեղյանի դրամական միջոցները մեկ տարվա ընթացքում ավելացել են: Այսօր՝ հունիսի 3-ին, News.am–ը Մուշեղյանից հետաքրքրվեց, թե ինչի՞ արդյունքում են նրա եկամուտներն աճել 10 մլն դրամով, և ի՞նչ միջոցներով է նա նախորդ տարի թանկարժեք մեքենա գնել։
Հրաչ Մուշեղյանը պատասխանեց, որ քննիչի աշխատանքից զատ գյուղատնտեսական աշխատանքներով է զբաղվում։
«Ես ինքս Արարատի մարզից եմ, գյուղից, այգիներ եմ մշակում։ Եթե հողի հետ աշխատում ես, վաստակում ես, նաև կարողանում ես տնօրինես, վայելես»,- ասաց նա։
Նշենք, որ Հրաչ Մուշեղյանը ներկայումս զբաղեցնում է Հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչի պաշտոնը։
Հրաչյա Մուշեղյանն անցյալ տարվա ընթացքում 500 հազար դրամով վաճառել է Vaz 21 ավտոմեքենա և 4 մլն դրամով գնել է Mercedes Benz S 550 4 Matic մոդելի ավտոմեքենա: Միաժամանակ քննիչի փոխառությունները տարեվերջին 2.1 մլն դրամ են կազմել: Նրա դրամական միջոցները մեկ տարվա ընթացքում 10 մլն դրամով ավելացել են: