«Գրոշ չարժեն». հայ պատգամավորը Բաքվի կողմից Մխիթարյանի անվտանգության երաշխիքների մասին
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի անվտանգության երաշխիքները Բաքվի կողմից դատարկ խոսքեր են, որ գրոշ չարժեն։ Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի նիստում մայիսի 29-ին ասել է «Իմ քայլը» կառավարող դաշինքի պատգամավոր Մխիթար Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ Մխիթարյանի հետ կապված իրավիճակը եւ վերջինի կողմից որոշում կայացնելը բազմաթիվ քննարկումների առիթ են տվել։ «Որքանով է դա ճիշտ, եւ ինչն է նրան դրդել նման որոշում կայացնել։ Ես կարծում եմ, որ հարցը պարզ բացատրություն ունի եւ պատասխանն ակնհայտ է. «Ոչ ռասիզմին»։ Սա փիլիսոփայական այն արժեքներից է, որոնց հավատարիմ են ՈւԵՖԱ-ն եւ մարզաշխարհը»,- ասել է Հայրապետյանը։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանին նման նվեր մատուցելը, ինչպես իր մոտ Եվրոպայի լիգայի եզրափակչի անցկացումն է, այդ փիլիսոփայության քարոզչությունն է։ Ապացույցն Ադրբեջանում վերջին օրերի իրադարձություններն են։ «Մասնավորապես, խոսքը ոստիկանների կողմից Մխիթարյանի անունով մարզաշապիկներ ունեցող երկրպագուների ստուգումներն են, հայկական արմատներ եւ ազգանուններ ունեցող, հայերին նման եվրոպացի երկրպագուների մուտքի արգելումը»,- ասել է պատգամավորը։
Բացի այդ, հիշեցրել է խորհրդարանականը, ԶԼՄ-ները տեղեկություն են տարածել այն մասին, որ Մխիթարյանի առջեւ նախապայման է դրվել՝ չբարձրացնել Հայաստանի դրոշը Բաքվում։ «Սա վկայում է այն մասին, որ անվտանգության այսպես կոչված երաշխիքները, որոնք Ադրբեջանը փորձում է ներկայացնել աշխարհին, իրականում պարզապես դատարկ խոսքեր են եւ ոչ մի արժեք չեն ներկայացնում։ Մենք պետք է նշենք, որ Մխիթարյանն արել է ճիշտ ընտրություն, քանի որ այդ երաշխիքները գրոշ չարժեն, իսկ վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ, ըստ էության, միջազգային հանրությունը ապագայում պետք է հաշվի առնի ռասիզմի եւ այլատյացության դրսեւորման բարձր աստիճանն Ադրբեջանում նման նվերներ անելուց առաջ»,- ասել է նա։
Հայրապետյանը դիմել է գործընկերներին աջակցության խնդրանքով։ Ի պատասխան՝ նիստերի դահլիճը «պայթել» է պատգամավորների ծափերից։
Նշենք, որ մայիսի 29-ին Բաքվում տեղի է ունենալու Եվրոպայի լիգայի եզրափակիչը Լոնդոնի «Արսենալի» եւ «Չելսիի» միջեւ, որին Մխիթարյանը չի կարողանալու մասնակցել։ «Արսենալի» ղեկավարությունը եւ ինքը՝ Մխիթարյանը, ավելի վաղ հայտարարել էին, որ հայ կիսապաշտպանը բաց կթողնի խաղը անվտանգության նկատառումներով, Հայաստանի եւ Ադրբեջանի լարված քաղաքական հարաբերությունների պատճառով։