ՍԴ դատավորի թեկնածուի քվեարկությունն ազատ է. Մակունց
Կարծում եմ՝ պատգամավորների մեծ մասը կողմնորոշվել են հենց լիագումարի նիստի ընթացքում: Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԱԺ-ում այդ պահին ընթացող ՍԴ դատավորի ընտրության քվեարկությանը:
Նա ասաց, որ իր կարծիքը չի հնչեցնելու, քանի որ քվեարկությունը գաղտնի է.
«Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպում ունեցել է Արթուր Վաղարշյանը, մեծ ներկայացվածություն այդ ժամանակ չի եղել: Որոշել ենք ազատ թողնել քվեարկությունը»,- ասաց Մակունցը:
Նշենք, որ մեկնարկել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի քվեարկությունը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այս պաշտոնում առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն արդեն մեկ անգամ մերժել է ՍԴ դատավորի պաշտոնում նախագաh Արմեն Սարգսյանի առաջադրած Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը։