Էրեբունու դեպքերի մասով Մասիսի քաղաքապետի և ևս երեք անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է. Տիգրան Աթանեսյան
Էրեբունու դեպքերի մասով Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և ևս երեք անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:
Այս մասին գրառում է արել Դավիթ Համբարձումյանի և գործով երեք մեղադրյալի պաշտպան Տիգրան Աթանեսյանը. «Երեկ քննչական մարմինը դադարեցրել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և ևս 3 մեր պաշտպանյալների նկատմամբ քրեական հետապնդումը՝ անցյալ տարի Էրեբունի փողոցում տեղի ունեցած իրադարձությունների մասով` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ»։
Այնուհետև Tert.am-ի հետ զրույցում Տիգրան Աթանեսյանն ասաց, որ Մասիսի քաղաքապետի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է միայն Էրեբունու դեպքերի փաստի առթիվ հարուցված գործով:
Նշենք նաև, որ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը և նրա եղբայր Գոռ Համբարձումյանը մեղադրվում են 2018 թվականին, հեղափոխության օրերին՝ մասնավորապես 2018թ. ապրիլի 16-ին Երևան քաղաքի Հերացի և Կորյուն փողոցների խաչմերուկում, ապրիլի 23-ին Նորագավիթ թաղամասում տեղի ունեցած միջադեպերի, ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների, ինչպես նաև Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի մոտ արձանագրված խուլիգանության դեպքերի կազմակերպման մեջ: Գործով մեղադրյալ է ևս 9 անձ: Էրեբունու դեպքով Դավիթ Համբարձումյանն այլևս մեղադրյալ չէ: