Իրականացնողները նույնպես պետք է վեթինգ անցնեն. Կարեն Զադոյան (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվա իր ելույթում նշեց, որ վեթինգի պետք է ենթարկվեն անխտիր բոլոր դատավորները, և որ համակարգը վիրահատական միջամտության կարիք ունի: Ի՞նչ է նշանակում վեթինգ, ե՞րբ է այն կիրառվում և ունի՞ արդյոք լոկալ առանձնահատկություններ. «Առաջին լրատվական»-ի այս հարցերին ի պատասխան՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանն ասաց. «Վեթինգի կիրառման հիմնական նպատակը կոնկրետ տվյալ պաշտոնին համապատասխանության հարցը պարզելն է: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ այն կիրառվում է տարբեր համակարգերում, հիմնականում՝ դատական համակարգում, ուժային կառույցներում, նաև իրավապահ մարմիններում: Մեր կազմակերպությունը ուսումնասիրություն էր կատարել ընդհանրապես անցումային արդարադատության մեխանիզմների կիրառման հնարավորության վերաբերյալ, նաև կազմակերպել էր համաժողով՝ ազգային փորձագետների մասնակցությամբ, և մոտ երկու ամիս առաջ մենք մեր առաջարկություններն ուղարկել ենք վարչապետին և Ազգային ժողով, որում նաև առաջարկում ենք, որ վեթինգ կիրառվի իրավապահ մարմիններում և դատական համակարգում»:
«Վեթինգի հիմնական նպատակն է զտել, մաքրել դատական համակարգը: Բնականաբար, այն իրականացվելու է օրենքի հիման վրա. չի կարող վեթինգ իրականացվել կամայական կերպով: Մենք առաջարկել ենք ԱԺ-ին, որպեսզի ընդունվի օրենք՝ վեթինգի իրականացման և վեթինգային հանձնաժողով ստեղծելու մասին»,- տեղեկացրեց նա՝ հավելելով՝ որպեսզի ինչ-որ մասնագետներ վեթինգ իրականացնեն, իրենք ևս պետք է վեթինգ անցնեն:
Մանրամասները՝ տեսանյութում։