Ալեքս Իվոբի. Ցանկանում ենք Եվրոպայի լիգայի գավաթը նվաճել Հենրիխ Մխիթարյանի համար
Լոնդոնի «Արսենալի» նիգերիացի կիսապաշտպան Ալեքս Իվոբին մեկնաբանել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակչին չմեկնելու որոշումը:
«Ցավալի է, որ Մխիթարյանը չի մասնակցի եզրափակիչին: Պատրաստվում ենք «կռվել» մինչև վերջ և հույս ունենք, որ կկարողանանք նվաճել տիտղոսը ոչ միայն մեր, այլև` նրա համար»,- Իվոբիի խոսքը մեջբերում է The Guardian-ը:
Հիշեցնենք, որ մայիսի 29-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայանալիք եզրափակիչում «Արսենալի» մրցակիցը կլինի Լոնդոնի «Չելսին»:
Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն և Ադրբեջանի իշխանությունը «Արսենալին» և Մխիթարյանին տվել էին անվտանգության երաշխիքներ, սակայն լոնդոնյան ակումբը մայիսի 21-ին հայտարարեց, որ հայ կիսապաշտպանի և նրա ընտանիքի հետ քննարկումների արդյունքում որոշել են ֆուտբոլիստին չտանել Բաքու։
Նախկինում Մխիթարյանը բաց է թողել երկու արտագնա եվրագավաթային հանդիպումներ արդբեջանական ակումբների հետ։ 2017-ին Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի գավաթակիր դարձել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: