Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին «07»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ վարորդը հոսպիտալացվել է
911» ծառայությանը այսօր՝ մայիսի 21-ին, ժամը 16:40-ին տեղեկություն է հաղորդվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ.Խ., ծնված 1984 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից:
Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել վարորդին: Վերջինս տեղափոխվել է Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն:
Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը: