Արթուր Մեսչյանն ընդունեց քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ընդունել է Երևանի Կոնդ թաղամասի բնակիչներին:
«Դուք, որպես բնակիչներ, մեզ լավ բացատրեք՝ ինչ ապագա եք տեսնում Կոնդում, տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ, որովհետև կարող է լինեն բնակիչներ, ասեն՝ տվեք մեզ բնակարաններ կամ գումար, կգնանք Կոնդից: Բնակիչներ կան, որ այնքան խորը արմատներով են նստած Կոնդում, որ երբևէ չեն ցանկանա դուրս գալ: Շատ տարբերակներ կան, դրա համար եկեք հասկանանք»,- ասաց նա:
Բնակիչներից մի կին Մեսչյանի խոսքին արձագանքեց՝ նշելով, որ իր սրտից է խոսում:
«Իմ դիակը իմ տնից պիտի հանեն»,- ասաց բնակչուհին:
Մեսչյանը շեշտեց՝ մինչև վերջնական չհասկանան՝ որն է լինելու իսկապես հանրային օգուտը, գերակա շահի վերաբերյալ խոսակցություն լինել չի կարող:
«Պետք է սկզբից հասկանանք՝ որն է լինելու Կոնդի բնակիչների օգուտը, որի հետևանքն արդեն կլինեն ճարտարապետական լուծումները, ճանապարհները և այլն»,- ասաց Մեսչյանը: