Ոստիկանապետը հանդիպել է Եվրապոլի տնօրենի հետ
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մայիսի 16-ին տեղի է ունեցել ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանդիպումը Եվրապոլի տնօրեն Քեթրին դը Բոլի հետ։
Ողջունելով հյուրերին` տիկին դը Բոլը հույս հայտնել է, որ ՀՀ ոստիկանության պետի այցը սկիզբ կդնի Եվրապոլի և ՀՀ ոստիկանության միջև համագործակցությանը մի շարք ուղղություններով։
Վալերիյ Օսիպյանը բարձր է գնահատել Եվրապոլի և ՀՀ ոստիկանության միջև համագործակցության կարևորությունը և ներկայացրել ոստիկանությունում ընթացող բարեփոխումների մանրամասներ:
Կողմերը ավելի առարկայական քննարկել են կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտում հնարավոր համագործակցությունը, մասնավորապես՝ ահաբեկչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, մարդկանց թրաֆիքինգի և փողերի լվացման ոլորտներում և հստակեցրին հետագա քայլերը։
Կողմերի միջև քննարկում է ծավալվել ՀՀ ոստիկանության և Եվրապոլի միջև համագործակցության մասին համաձայնագիր կնքելու հնարավորության և ձևաչափի մասին։ Այդ նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել նշանակել կոնտակտային անձանց՝ նշված աշխատանքները համակարգելու նպատակով։
Հանդիպման ավարտին, ՀՀ ոստիկանության պետը գրառում է կատարել Եվրապոլի պատվո հյուրերի մատյանում։
Ի պատիվ ՀՀ ոստիկանության պետի՝ Եվրապոլի տնօրենի կողմից տրվել է պաշտոնական ճաշ: