Քանի ես գլխավորում եմ ազգային հավաքականը, ոչ ոք իրավունք չունի ինքնագլուխ որոշումներ կայացնել
Հայաստանի ըմբշամարտի հավաքականները պատրաստվում են հունիսին Մինսկում կայանալիք Եվրոպական խաղերին: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարել են հավաքականների գլխավոր մարզիչները: Ասուլիսի բուն նպատակը, սակայն, այլ էր:
ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայում, մարզիչների և մարզիկների շրջանում զայրույթ են առաջացրել Օլիմպիական խաղերի և Եվրոպական առաջին խաղերի փոխչեմպին Միհրան Հարությունյանի արած հայտարարությունները:
Վերջին մի քանի հարցազրույցներում նա նշել էր, որ խառը մարտերի MMA ոճից որոշել է վերադառնալ ըմբշամարտ ու մասնակցել առաջիկա աշխարհի առաջնությանը, ապա նաև Օլիմպիական խաղերին: Ի դեպ, Հարությունյանը չի մարզվում ըմբշամարտով արդեն երեք տարի:
«Հարությունյանն ասում է, թե կարող է գալ պարապել, եթե նրան վճարեն 3000 և ավելի դոլար: Այդ ժամանակ նոր կմտածի` մասնակցե՞լ հավաքների, թե՞ չէ: Հլը ոչ մի բան ինքը չի արել, բայց արդեն նախապայմաններ է դնում: Ցանկացած մարզիկ պետք է ապացուցի իր իրական վիճակը, դրանից հետո, բնականաբար, գնահատականներ կլինեն, ինքն էլ կարող է իր պահանջները առաջ քաշել, բայց դեռ ոչ մի բան չարած դու նախապայմաններ ես առաջ քաշում, դա անընդունելի է: Քանի ես գլխավորում եմ ազգային հավաքականը, ոչ մեկը իրավունք չունի ինքնագլուխ որոշումներ կայացնել, ոչ մեկը իրավունք չունի առանց հավաքների ու մրցումների մասնակցելու գա, ասի, թե ես եկել եմ, գնում եմ աշխարհի առաջնություն, ես ամենաուժեղն եմ, անփոխարինելի եմ: Նման մարզիկներ մեր հավաքականում երբեք չեն եղել և չեն էլ լինի»,- նշել է Լևոն Ջուլֆալակյանը: