Կառավարությանը ծրագիր ենք ներկայացրել, որպեսզի բոլոր դպրոցներում ներդրվեն «Արմաթ» լաբորատորիաներ. Կարեն Վարդանյան
Կառավարությանը ծրագիր ենք ներկայացրել, որպեսզի բոլոր դպրոցներում ներդրվեն «Արմաթ» դպրոցական ինժեներական լաբորատորիաներ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ղեկավար Կարեն Վարդանյանը:
Նա նշեց, որ կառավարությունից դեռ արձագանք չունեն և սպասում են պատասխանի: «Մենք կարող ենք երկու տարվա ընթացքում դպրոցներում ներդնել ծրագիրը, այդ ժամանակ պետության ներդրումները 6 տարվա կտրվածքով կկազմեն մոտ 20 միլիարդ դրամ, բայց տնտեսական հաշվարկը ցույց է տալիս, որ 6 տարի հետո պետությունը հետ կստանա 60 միլիարդ դրամ»,-ասաց նա:
Կարեն Վարդանյանը նշեց, որ այն դպրոցներում, որտեղ արդեն ներդրվել է ծրագիրը, արդյունավետությունը գնահատվում է շատ բարձր:
«Վերջերս գերմանական ընկերության ստորաբաժանում բացվեց, որի արդյունքում միայն Վանաձորում կաշխատի «Արմաթի» մոտ 60 սան, իհարկե ոչ ամբողջական աշխատանքային ժամերով, քանի որ 14-16 տարեկան երեխաներն իրավունք չունեն ամբողջ օրն աշխատել»,-ասաց նա և տեղեկացրեց, որ 275 դպրոցում ծրագիրն արդեն ներդրված է:
«Ծրագիրը տարածաշրջանի զարգացմանն օգուտ է տալիս և ամենակարևորը, որ «Արմաթ»-ով անցած երեխաները և իրենց ընտանիքները հանրապետությունը չեն լքում»,- ասաց նա: