Մեկնարկեց Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր Մնացական Մարտիրոսյան) այսօր շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով առաջին դատական նիստը:
Հիշեցնենք, որ նախորդ նիստին դատարանը որոշեց Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը թողնել անփոփոխ, իսկ պաշտպանի միջնորդությունը՝ կալանքը փոփոխելու կամ վերացնելու վերաբերյալ, մերժել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Նազիկ Ամիրյանի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը։
Հիշեցնենք, որ նախկին պատգամավորը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։ Գրիգորյանին պատկանող տարածքներում Ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել էր «Զինվորի բաժին» նշագրումով սնունդ, նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկվելիք հիգիենիկ պարագաներով, դեղորայքով, զինվորական հանդերձանքով արկղեր, որոնցից շատերում դեռ մնացել էին դպրոցականների՝ զինվորներին հասցեագրված նամակները։
Ըստ մեղադրանքի՝ Նազիկ Ամիրյանը ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի և որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել և իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։