Հայաստանի հետ արդյունավետ համագործակցության համար շատ եզրեր կան. «Դասո սիստեմս»-ը՝ ԿԳ նախարարին
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ֆրանսիական հայտնի «Դասո սիստեմս» («Dassault systemes») ընկերության պատվիրակությունը, որի կազմում են եղել ընկերության փոխնախագահ Քրիստիան Նարդենին եւ ակադեմիական ծրագրերի գլխավոր տնօրեն Քսավիե Ֆուրժեին:
Ֆրանսիական հանրահայտ «Դասո գրուպ»-ի («Dassault Group») կազմում գործող նորարարական «Դասո սիստեմս» ընկերության ներկայացուցիչները, ներկայացնելով կազմակերպության գործունեությունը, ընդգծել են իրենց պատրաստակամությունը համագործակցել Հայաստանի հետ տարբեր ուղղություններով՝ այդ թվում նաեւ կրթության ոլորտում:
«Հայաստանը դիտարկում ենք որպես երկիր, որը միտված է իր ներդրումն ունենալ նորարարական տնտեսության ոլորտում: Մենք այցելել ենք ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, «PicsArt», «Բեթ Կոնստրակտ», «Սինոփսիս Արմենիա» ընկերություններ եւ տպավորված ենք: Հայաստանի հետ արդյունավետ համագործակցության համար շատ եզրեր կան, որոնք կտանեն մեզ դեպի ապագայի կրթություն եւ ապագայի աշխատաշուկա»,-նշել է «Դասո սիստեմս» ընկերության փոխնախագահ Քրիստիան Նարդենին:
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, ողջունելով «Դասո սիստեմս» ընկերության ներկայացուցիչների պատրաստակամությունը, նշել է, որ նման ընկերությունների հետ համագործակցությունը միանգամայն այլ մակարդակի կարող է բարձրացնել Հայաստանի կրթական համակարգը.
«Մեր գիտական եւ հետազոտական կենտրոններն այժմ համագործակցում են համաշխարհային գիտական ու հետազոտական կենտրոնների հետ, ունեն բավական բարձր վարկանիշ, ինչը մեզ թույլ է տալիս լավատեսորեն նայել ապագային եւ իրականացնել հեռանկարային ծրագրեր: 21-րդ դարում գիտելիքն ու փորձառությունն առանց տեխնոլոգիաների դժվար է պատկերացնել, եւ մենք վստահ ենք, որ հետազոտության եւ գիտության ոլորտում իրականացվող ներդրումները կարող են լուրջ արդյունքներ ապահովել»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ այժմ աշխատանքներ են իրականացվում գիտական եւ հետազոտական բաղադրիչը բուհ վերադարձնելու ուղղությամբ, որը թե՛ գիտության, թե՛ կրթության ոլորտում արդյունավետ կառավարում կապահովի եւ կտա իր դրական արդյունքները:
Հանդիպման ավարտին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի եւ «Դասո սիստեմս» ընկերության ներկայացուցիչների միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել մշակել համագործակցության ձեւաչափեր եւ մոտ ապագայում դրանք կյանքի կոչել:
Նշենք, որ «Դասո սիստեմս»-ը ռազմարդյունաբերական ոլորտի, մասնավորապես, ավիացիոն–տիեզերական, պաշտպանական, էներգետիկ համակարգերի համար ծրագրային ապահովում տրամադրող ընկերություն է։ Խումբը գործունեություն է ծավալում նաեւ լոգիստիկ համակարգերի, էլեկտրական հիբրիդային տրանսպորտային միջոցների, անշարժ գույքի եւ այլ բնագավառներում: