Վերելակների հարցը հետևյալն է՝ մենք կփոխարինենք վերելակը, իսկ բնակիչները գումարը կվճարեն. Հայկ Մարության
Մենք առաջին օրվանից սկսած ծրագիր ենք գրում, որ վերելակներն
ամբողջությամբ փոխարինվեն, բայց այս հարցում նաև մեզ հետ պետք է լինեն
բնակիչները: Այս մասին այսօր Երևանի 2800 ամյակին նվիրված այգու բացմանը
լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Ծրագիրը երբ պատրաստ կլինի, մենք այն կներկայացնենք կառավարությանը, որովհետև քաղաքային իշխանությունները միայնակ ի զորու չեն այս հարցը լուծել, սա
տասնյակ միլիոնավոր դոլարներին համարժեք ներդրում է պահանջում: Քանի որ
վերելակները պատկանում են բնակիչներին՝ մեր հարցն է, մենք փոխարինենք
վերելակը և բնակիչները տարիների ընթացքում այդ տարիների գումարը վճարեն,
քանի որ այդ վերելակն իրենց է լինելու»,- հայտնեց քաղաքապետը:
Նրա տեղեկացմամբ՝ այս պահին գույքագրում է իրականացվում և միաժամանակ բանակցություններ են տարվում վերելակ արտադրողների հետ:
Հիշեցնենք, որ նախօրեին Երևանի Աջափնյակ վարչական շրջանի բազմաբնակարան շենքի վերելակի չորս թոկերից մեկը պոկվել է վերելակը սովորականից ավելի արագ իջել
է առաջին հարկ: Վերելակում այդ պահին գտնվել է չորս անձ, որոնք
վնասվածքներ չէին ստացել:
Երևանի 2800 ամյակին նվիրված այգու բացմանը Հայկ Մարությանը շնորհակալություն հայտնեց Վարդանյան ընտանիքին Երևանին այսպիսի նվեր անելու համար:
«Վարդանյանների ընտանիքը նվերի փայլուն օրինակ ցույց տվեց, 99 տարով իրենց վրա են վերցրել այգու պահպանումը: Սա իսկական նվեր է, որովհետև շատ-շատերն ասում են՝ մենք Երևանի համար ուզում ենք մի բան անել, տվեք այս մասը կանաչապատենք, այստեղ էլ մեծ ռեստորան կառուցենք»,- նշեց քաղաքապետը:
Նրա խոսքով՝ ի սկզբանե այգու բարեկարգման համար նախատեսված է եղել մոտ 1 մլն դոլարի ներդրում կատարել, բայց ընդհանուր առմամբ 5.2 մլն դոլարի գումար է ծախսվել:Ինչ վերաբերում է այգու ծառերը կտրելուն, Հայկ Մարությանը նշեց. «Ես այս այգին գնահատում եմ շատ հրաշալի, լավ, որակով այգի: Կապված ծառերի հետ՝
երաշխավորում եմ, որ քանի ես քաղաքապետ եմ, ոչ մի ծառ հենց այնպես չի
կտրվելու: Ոչ մի առողջ ծառ չի կտրվելու»: