Հավեր, կատուներ և ագռավներ` ԱԺ բակում
Պարոն Սիմիդյան, ԱԺ բակում հայտնված հավերին ի՞նչ արեցիք, նրանք դեռ
տարածքո՞ւմ են․ հարցրինք «Իմ քայլը» ֆրակցիայի քարտուղար Հակոբ Սիմիդյանին։
«Անկեղծ որ ասեմ` լրատվամիջոցներից իմացա, որ նման բան է եղել, մեծ հաշվով
չհասկացա էլ, թե հավերն ինչու էին հայտնվել ԱԺ-ում՝ չեմ տիրապետում»:
Անտարբեր եք, էլի, հավերի նկատմամբ, այսօր ԱԺ-ն կենդանիներին առնչվող`
ԲՀԿ-ի նախագիծն էր դրել քննարկման. ի դեպ, հավերը շատ գեղեցիկ էին նայվում
ԱԺ կանաչ խոտի ֆոնին։ «Ինֆորմացիան շատ է, չենք կարողանում ամեն ինչին
հետեւել. չգիտեմ` հետո դրանք ինչ են արվել»: Ի՞նչ արեցիք հավերի հետ`
հարցրինք ԱԺ աշխատակազմի պատասխանատուին։ «Բռնեցինք նրանց, տրամադրեցինք
անհրաժեշտ նպատակով»:
Բա դժվար չէ՞ր բռնելը։ «Չէ` ի՞նչ դժվար, բռնեցինք, ու քանի որ հավերը
մեր ենթակայության տակ չէին, մենք գրությամբ հանձնարարեցինք պահպանության
ծառայությանը` նրանց տրամադրել բարեգործական նպատակներով։ Ի դեպ, մենք
պատրաստվում ենք ԱԺ տարածքում սկյուռիկներ բազմացնել»: Կատուներ էլ կարծես
շատ ունեք։ «Հա, ունենք, բայց ո՛չ Ձեր ասածի չափ շատ»: Ագռավների պակաս էլ
կարծես չկա։ «Չէ, հիմա ագռավներ գրեթե չկան, Արթուր Բաղդասարյանը կրակել
տվեց նրանց վրա»: