Չինաստանի իշխանություններն ասել են, որ կշարունակեն նավթ ներմուծել Իրանից և Վենեսուելայից
Չինաստանն Իրանի եւ Վենեսուելայի հետ առեւտրատնտեսական հարաբերությունները կպահպանի օրինական հիմքերով եւ կշարունակի նավթ գնել նրանցից՝ անկախ Միացյալ Նահանգների դիրքորոշումից եւ ճնշումից։ Այս մասին ասել է Չինաստանի Առեւտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գաո Ֆենը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Իրանը Չինաստանի կարեւոր գործընկերն է, որի հետ կանոնավոր հարաբերություններ ունենք, եւ մենք դեմ ենք ամերիկյան միակողմանի պատժամիջոցներին այդ երկրի դեմ,- ասել է նա՝ հանդես գալով ճեպազրույցում։- Մենք փոխշահավետ հիման վրա համագործակցելու ենք նաեւ Վենեսուելայի հետ»։
Գաո Ֆենը հիշեցրել է, որ Իրանի հետ Չինաստանի առեւտրային հարաբերությունները վաղեմի եւ ամուր ավանդույթներ ունեն։ «Դա վերաբերում է նաեւ էներգետիկային։ Կարծում եմ, նման դիրքորոշում ունի նաեւ միջազգային հանրությունն առհասարակ,- ընդգծել է նա։- Վաշինգտոնն իր գործողություններով միայն ապակայունացնում է իրավիճակը նավթի համաշխարհային շուկայում»։
Գերատեսչության ներկայացուցիչը հույս է հայտնել, որ ԱՄՆ ղեկավարությունը «պատասխանատու դիրքորոշում կորդեգրի» եւ «կսկսի իրականացնել նոր, ավելի կառուցողական քաղաքականություն»։
«Կարո՞ղ է արդյոք Չինաստանը նավթ չներմուծել Իրանից. այս առիթով կցանկանայի հիշեցնել, որ մենք Թեհրանի հետ ռացիոնալ եւ օրինական հարաբերություններ ունենք։ Այդ երկրից նավթի արտահանումից է կախված էներգակիրների միջազգային շուկայի կայունությունը,- ասել է Ֆենը։- Չինաստանը կշարունակի պաշտպանել իր ձեռնարկությունների շահերն ու իրավունքները»։
Նա հիշեցրել է, որ Չինաստանի եւ Վենեսուելայի տնտեսական հարաբերությունները նույնպես կայուն զարգանում են։ «Նավթի առեւտուրը կարեւոր տեղ է զբաղեցնում չին-վենեսուելական հարաբերություններում, շատ տարիների մեր երկկողմ համագործակցությունը դրական ազդեցություն է ունեցել երկու պետությունների զարգացման վրա։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս Վենեսուելայի հետ առեւտրատնտեսական շփումների հաստատմանը»,- պարզաբանել է ներկայացուցիչը։