Բագրատաշենի անցակետում ավտոբուսներին չեն թողնում սահմանը հատել
Բագրատաշենի անցակետում Թուրքիայից ժամանած ավտոբուսներին չեն թողնում սահմանը հատել: 100-ից ավել մարդ չի կարողանում սահմանը հատել:
«Թուրքիայից եկած ուղևորներին թույլ չեն տալիս սահմանված 25 կգ իրենց ուղեբեռը անցկացնել: Ասում են` ձեզ ապրանք չի հասնում: Հիմա էլ անձնագրերը վերցրել են ու չեն տալիս, ամբողջ սահմանը փակված է»,- ասել է Կրոյան Արթուրը, որն այս պահին գտնվում է անցակետում:
Հայտնի է, որ մոտավորապես 100-150 հոգի մարդ սպասում է անցակետի պետին, որը դեռ չի եկել: Մոտ 12 ժամ է, ինչ քաղաքացիներն անցակետի մոտ են: Մեր զրուցակիցը պատմեց, որ իրենց ճամպրուկներում հագուստ է, իսկ անցակետում իրենց ասել են, որ այդ հագուստը պետք է մաքսազերծվի:
Մեր այն հարցին, թե ճամպրուկների հագուստը նախատեսվա՞ծ է արդյոք վաճառքի համար, մեր զրուցակիցը բացասական պատասխան տվեց: Նրանք սահմանված չափով հագուստը բերել են անձնական օգտագործման և նվիրելու նպատակով: