Մակրոնը նախկին օգնականի հետ կապված աղմուկի ֆոնին թիկնազորի նոր պետ է նշանակել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր թիկնազորի նոր պետ է նշանակել՝ բրիգադային գեներալ Լիոնել Լավերնի փոխարեն, որի հանդեպ հետաքննություն է անցկացվում «Բենալի գործի» շրջանակներում՝ հայտնում է Journal officiel պետական լրատվամիջոցը։
Մարտի 21-ին Ֆրանսիայի Սենատի բյուրոն նախագահի նախկին օգնական Ալեքսանդր Բենալի գործի հետ կապված սեփական հետաքննության եւ լսումների փաստաթղթերը պետական հետաքննչական մարմիններին փոխանցելու որոշում էր կայացրել։ Փաստաթղթերը փոխանցվում են Բենալի եւ նախագահական «Հանրապետությունը՝ քայլերթով» կուսակցության անվտանգության ծառայության աշխատակից Վենսան Կրազի կողմից սուտ վկայություններ տալու մեղադրանքով։ Այս գործով նման լուրջ մեղադրանքներ են առաջադրվել նաեւ երեք բարձրաստիճան պաշտոնյաների՝ Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղար Ալեքսիս Կոլերի, նախագահի գրասենյակի տնօրեն Պատրիկ Ստրզոդուի եւ նախագահի թիկնազորի պետ Լիոնել Լավերնի դեմ։
2018թ․ օգոստոսին Բենալը հեռացվել էր՝ կապված այս եւ փարիզյան մայիսմեկյան ցույցերի մասնակիցներին ծեծելու մեղադրանքների հետ։ Դա նրան զրկել էր դիվանագիտական անձնագիր ունենալու իրավունքից, սակայն, ինչպես պարզվել էր, նա շարունակել էր օգտագործել իր դիվանագիտական անձնագիրը արտասահմանյան ուղեւորությունների ժամանակ։
Հունվարին Ֆրանսիական արդարադատությունը դիվանագիտական անձնագրի անօրինական օգտագործման մեղադրանքներ էր ներկայացրել Բենալին, եւ նա կալանավորվել էր։ 24 ժամ անց նրան բաց էին թողել, սակայն նրա հանդեպ դատական վերահսկողություն էր սահմանվել։ Փետրվարի 20-ին նրան կրկին կալանավորել էին՝ դատական վերահսկողության պայմանները խախտելու համար։