Կիպրոսի ոստիկանապետը հեռացվել է աշխատանքից սերիական սպանությունները հետաքննելու ընթացքում անգործության պատճառով
Ուրբաթ Կիպրոսի
նախագահ Նիքոս Անաստասիադիսն աշխատանքից հեռացրել է այդ կղզիական պետության
ոստիկանապետին վերջին շրջանում երկրում տեղի ունեցած սպանությունների
շարքը բացահայտելու գործում իրավապահ մարմինների անարդյունավետ
գործունեության պատճառով, հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ ոստիկանապետը հեռացվել է իր պաշտոնից «անհայտ կորած մի
քանի կանանց եւ աղջիկների գործերը օպերատիվ կերպով հետաքննելու
անկարողության հետեւանքով»:
Հինգշաբթի նույն պատճառով հրաժարական է տվել Կիպրոսի արդարադատության եւ հասարակական կարգի նախարար Իոնաս Նիկոլաուն:
Վերջին ամսվա ընթացքում Կիպրոսի ոստիկանությունը հայտնաբերել է կղզում
երեք սպանված կանանց մարմինները: Իրավապահները ձերբակալել են կասկածյալին:
Նա 35-ամյա զինծառայող էր, որը խոստովանել էր յոթ սպանությունները, որոնք
նա կատարել էր վերջին երեք տարիների ընթացքում: Երեք զոհերի, այդ թվում՝
վեց եւ ութ տարեկան երկու աղջիկների մարմինները մինչ օրս չեն հայտնաբերվել:
Ընդ որում՝ զոհվածների հարազատները հայտարարել են, որ իրավապահ
մարմինները բավարար կերպով չեն հետաքննում կանանց անհետացման մասին
հաղորդումները՝ հրաժարվելով, մասնավորապես, ընդունել բարեկամների
դիմումները: Դա հանգեցրել է խոշոր սկանդալի եւ կիպրոսյան հանրության կողմից
իշխանությունների նկատմամբ խիստ քննադատության: