Կասիլյասը չի խաղա առնվազն կես տարի
Պորտուգալական «Պորտուի» իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասը չի կարողանա խաղալ առնվազն կես տարի, հաղորդում է AS-ը։ Սրտամկանի կաթված տարած եւ ստենտավորման վիրահատության ենթարկված 37-ամյա ֆուտբոլիստը 3-6 ամիս կլինի բժիշկների վերահսկողության տակ։ Դրանից հետո որոշում կլինի նրա կարիերայի վերաբերյալ։ Կասիլյասը դեռ մեկ տարվա պայմանագիր ունի «Պորտուի» հետ։
Վիրահատությունից հետո Իսպանիայի հավաքականի եւ «Ռեալի» նախկին դարպասապահը թվիթերում արած գրառումով պատմել էր իր վիճակի մասին եւ շնորհակալություն հայտնել մաղթանքների համար։
«Ամեն ինչ վերահսկողության տակ է։ Մեծ վախ ապրեցի, բայց հիմա ամեն ինչ կարգավորվում է։ Շնորհակալություն բոլորին հաղորդագրությունների եւ սիրո համար»,- գրել էր Կասիլյասը հիվանդանոցից՝ հրապարակելով նաեւ լուսանկար։