Նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը և ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյը այցելել են ՀԱԷԿ
Այսօր՝ ապրիլի 30-ին, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը և Ատոմային էներգիայի միջազգային
գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյը
այցելել են Հայկական ատոմային էլեկտրակայան (ՀԱԷԿ):
Նրանք տեղում ծանոթացել են ՀԱԷԿ-ի թիվ 2-րդ էներգաբլոկի
շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակներում իրականացվող արդիականացման աշխատանքներին և
անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերի ներդրման ընթացքին, ապա շրջայց են կատարել ՀԱԷԿ-ի տուրբինային արտադրամասում, եղել կենտրոնական ղեկավարման վահանակում:
Այնուհետև տեղի է ունեցել հանդիպում ՀԱԷԿ-ի ղեկավար անձնակազմի հետ: Յուկիյա Ամանոյը կարևորել է Հայաստանի հետ համագործակցությունը՝ նշելով, որ իր ղեկավարած գործակալությունը պատրաստակամ է շարունակելու աջակցել Հայաստանին՝ միջուկային էներգետիկայի անվտանգության բարձրացման ոլորտում: Հակոբ Վարդանյանը շնորհակալություն է հայտնել ԱԷՄԳ-ին՝ տարիների ընթացքում ատոմային ներգիայի խաղաղ օգտագործման
բնագավառում ՀԱԷԿ-ին ցուցաբերված աջակցության համար: