Նիկոլ Փաշինյանը չի համաձայնել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստի օրակարգի որոշ հարցերի հետ
Երևանում այսօր առավոտյան մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Հայաստան են ժամանել Ղրղզստանի վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը, Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Ղազախստանի վարչապետ Ասքար Մամինը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: Դիմավորման արարողությունից հետո վարչապետները անցել են հարցերի նեղ կազմով քննարկմանը:
Բացման խոսքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է.
«Փաստացի, սա իմ առաջին մասնակցությունն է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։ Դա ինձ համար մեծ պատիվ է, և ես մեծ հաճույքով կկատարեմ ինձ վրա դրված պարտավորությունները»:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է նիստի օրակարգը, որում ներառված է 13 հարց:
«Ընդհանուր առմամբ, ներկայացնելու ենք կատարած աշխատանքները, նաև ձեր հաստատմանն ենք ներկայացնելու միության զարգացման որոշ հարցեր: Առաջարկում եմ քննարկել արդյունաբերական կոոպերացիաների գործունեության մասին առաջին թվային նախագիծը»,- ասել է Տիգրան Սարգսյանը, ինչին Նիկոլ Փաշինյանը հակադարձել է, թե առաջարկում է այդ հարցը քննարկել լայն կազմով, քանի որ դա, փաստացի, ԵԱՏՄ շրջանակում այդ առումով առաջին գործնական քայլն է: