Երբ խորհուրդները ձևավորվեցին բուհերին, առաջին թեման, որ քննարկվել է, որ կարիերայի կենտրոններն ակտիվացնեն. Արայիկ Հարությունյան
ՀՀ կառավարությունն այսօր հաստատեց բուհերի 2019/2020 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների, պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի), առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը (շուրջ 2693 տեղ, որից 350-ը նախատեսված է ՀՀ ՊՆ կողմից նշված վայրում և պայմաններով զինծառայություն անցնելու պայմանագիր կնքած ուսանողներ համար):
Կառավարությունը նաև հաստատեց ասպիրանտուրայի ընդունելության տեղերը՝
✅ պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ՝ 140 տեղ
✅ պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, միջպետական համաձայնագրերով` 24 տեղ
✅ Դոկտորանտուրա ընդունելության տեղերը՝ պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ՝ 13 տեղ:
ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց՝ այս նախագծերի նպատակն է աջակցել ՀՀ տնտեսության զարգացման կարիքներին համապատասխան բարձրագույն կրթությամբ մասնագետների պատրաստման գործընթացին:
«Բակալավրում նախատեսել ենք 2 600 տեղ, մագիստրատուրայում՝ 1 300 և ասպիրանտուրայում՝ 140 տեղ: Ըստ մասնագիտությունների՝ անվճար ուսուցման տեղերի ձևավորման սկզբունքներն են եղել պետության տնտեսության զարգացման համար առաջնային և կարևորություն ներկայացնող բնագավառներում մասնագետների պահանջարկը, ռազմական տեխնոլոգիաների մշակումը, ագրոնոմիական, գյուղատնտեսական և այլ ոլորտները բարձրագույն կրթությամբ կադրերով ապահովելը»,- ասաց Հարությունյանը՝ նշելով, որ նախագծերը մշակելիս հաշվի են առել ՀՀ կառավարության ծրագիրը:
Հարությունյանը հայտնեց, որ ոչ պրոֆիլային բուհերում առկա՝ այլ բուհերի համար պրոֆիլային մասնագիտությունների տեղերը կրճատել են, գրեթե նվազագույնի հասցրել, ինչպես, օրինակ, տնտեսագիտական մասնագիտությունները՝ պոլիտեխնիկում, գյուղակադեմիայում:
«Մենք պատվեր ենք իջեցնում մասնագիտական բուհերին՝ տվյալ մասնագիտությունները պատրաստելիս: Նաև որոշակի ավելացումներ ունենք ՏՏ ուղղությամբ, գյուղատնտեսական մասնագիտությունների ուղղությամբ, ունենք լուրջ խնդիր՝ բուհերից եկող հայտերի առումով: Երբ խորհուրդները ձևավորվեցին բուհերին, առաջին թեման, որ քննարկվել է, որ կարիերայի կենտրոններն ակտիվացնեն: Բուհերն իրենք պետք է հետևեն շրջանավարտների շարժին և ձևավորեն այդ հայտերը»,- ասաց նա՝ նշելով, որ այդ կարիերայի կենտրոնները զգալի թերացումներ են ունենում այս ուղղությամբ: