«Քանդող» և «կառուցող» բրիգադներ. ցանկացած հեղափոխության հաղթանակից հետո թիմը բաժանվում է երկու մասի
«Առավոտը» գրում է.
«Հույս կա, որ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի գործն իսկապես օբյեկտիվորեն է քննվելու: Անձամբ ես չեմ հավատում, որ Դավիթն ընդունակ է անպարկեշտ արարքների՝ իմ ընկալմամբ, դա հակասում է տվյալ մարդաբանական տեսակին: Ուրիշ հարց, որ նրան, ինչպես և բոլոր հեղափոխականներին, հատուկ են ծայրահեղական, բոլշևիկյան դրսևորումներ: Եվ կարծում եմ՝ նրա շուրջ ծավալվող իրադարձությունների բուն պատճառը հենց դա է:
Ցանկացած հեղափոխության հաղթանակից հետո հեղափոխություն իրականացրած թիմը գրեթե ամբողջությամբ տեղափոխվում է իշխանական պալատներ, պետական համակարգ, դա նորմալ է: Սակայն օրինաչափ է նաև, որ ոչ բոլորն են այնտեղ մնում: Ամիսների, երբեմն տարիների ընթացքում հաղթած թիմը բաժանվում է երկու մասի՝ նրանց, ովքեր շարունակում են մտածել և գործել հեղափոխության կատեգորիաներով և նրանց, ովքեր ունեն համակարգային, պետական մտածելակերպ: Վաղ, թե ուշ առաջինները ստիպված են լինում թողնել պետական ասպարեզը:
Տրոցկին կամ Չե Գևարան չէին կարող երկար ժամանակ պետական պաշտոններ զբաղեցնել՝ անկախ նրանից, թե ինչ անձնական կամ գաղափարական հակասություններ ունեին հաղթական հեղափոխություն իրականացրած իրենց երկրների առաջին դեմքերի հետ: Նրանք, այսպես ասած, «քանդող բրիգադից» էին, որը որոշակի պատմական ժամանակաշրջանում խիստ անհրաժեշտ է, բայց առօրյա պետական կյանքում որևէ գործառույթ չունի և անգամ կարող է խանգարել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: