Փաշինյանը Զելենսկուն Պուտինի հետ ճիշտ հարաբերություններ կառուցելու խորհուրդներ է տվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «РБК» հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է, թե ինչպես Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Վլադիմիր Զելենսկին պետք է հարաբերություններ կառուցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Չեմ կարծում, որ նրան դժվար կլինի: Այստեղ կան պայմաններ՝ եթե լինես ուղիղ, անկեղծ, առանց խարդավանքի՝ դժվար չի լինի: Ուղղակի պետք է ազնիվ և ուղիղ շփվել»,- ասել է վարչապետը:
Փաշինյանի խոսքերով՝ այս խորհուրդը չի վերաբերում միայն Ռուսաստանի նախագահի հետ շփմանը:
«Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ դա կգնահատի, եթե տեսնի, որ զրուցակիցը չի փորձում նրան ինչ-որ բանում խաբել, ինչ-որ բան չի կեղծում, ինչ-որ բան չի խեղաթյուրում: Կարծում եմ, սա շատ ճիշտ տարբերակ է բոլոր տեսակի հարաբերություններում»,- ասել է վարչապետ Փաշինյանը և ավելացրել,- «Գուցե դիվանագիտության մեջ, միջազգային հարաբերություններում դա այդքան էլ ընդունված չէ, բայց ես բոլորի հետ այդպես եմ շփվում»:
Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ քվեաթերթիկների 99.9% հաշվարկից հետո պարզ է դարձել, որ ընտրողների 73.2%-ն իրենց ձայնը տվել է Վլադիմիր Զելենսկուն, իսկ 24.4%-ը՝ ներկայիս նախագահ Պյոտր Պորոշենկոյին: Նախագահ Պորոշենկոն ընդունել էր իր պարտությունը և հավելել, որ չի պատրաստվում հեռանալ քաղաքականությունից:
Հիշեցնենք, որ ընտրությունների օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերի իր միկրոբլոգում ուկրաիներենով շնորհավորել էր Զելենսկուն հաղթանակի կապակցությամբ: