Իսրայելը Զատկի ժամանակ շրջափակել է պաղեստինյան տարածքները
Իսրայելը ուրբաթ
Զատկի տոնակատարության շրջանում Հորդանանի Արեւմտյան ափին պաղեստինյան
տարածքներում եւ Գազայի հատվածում 9 օրով շրջափակման ռեժիմ է սահմանել,
փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Իսրայելի բանակի մամուլի ծառայությանը:
«Քաղաքական էշելոնի կողմից իրավիճակի գնահատման համաձայն՝ որոշում է
ընդունվել ապրիլի 19-ին հինգշաբթի լույս ուրբաթ գիշերը 00:00-ից սկսած
ամբողջական շրջափակում սահմանել Հորդանան գետի Արեւմտյան ափի պաղեստինյան
բոլոր տարածքներում եւ Գազայի հատվածում: Անցումների բացումը կկատարվի
շաբաթ՝ ապրիլի 27-ի (շաբաթ լույս կիրակի գիշերը) անվտանգության ոլորտի
իրավիճակի գնահատումից հետո»,- նշված է զինվորականների տարածած
հաղորդագրության մեջ: Հումանիտար կամ բժշկական օգնության ցուցաբերման
հարցերի հետ կապված արտակարգ դեպքերում Իսրայելի իշխանությունները ստանդարտ
ընթացակարգին համապատասխան կարող են պաղեստինցիներին թույլ տալ անցնել
հսկիչ անցակետով, հավելել են բանակից:
Հրեա ժողովրդի համար ուրբաթ երեկոյան սկսվող Զատիկը տարվա
ամենանշանակալի տոներից է (նշվում է ի հիշատակ Եգիպտոսից հրեաների դուրս
գալու): Իսրայելում սա 7-օրյա տոն է, հրեական պետության սահմաններից դուրս
այն նշվում է 8 օր: Իսրայելում դրա առաջին եւ վերջին օրերը ոչ աշխատանքային
են, իսկ միջանկյալ 5 օրերը կիսատոնական են համարվում, որոնց վրա շաբաթօրյա
օրենքը չի տարածվում:
Այս տարի Իսրայելում Զատիկը սկսում են նշել ուրբաթ՝ ապրիլի 19-ի գիշերը,
տոնակատարությունը կտեւի մինչեւ հաջորդ ուրբաթ՝ ապրիլի 26-ի երեկո: