Ցոլակյանը խոսեց Հայաստանի սողանքների մասին
Հանրապետությունում 300-ից ավելի սողանքային գոտիներ կան, որից 131-ը ակտիվ է: Դրանցից առանձնացված է մոտ 6 սողանք, որ հենց հիմա էլ գործում են: Ապրիլի 19-ին, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով սողանքների թեմային, ասաց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ առավել վտանգավոր սողանքներով հիմա զբաղվում են: Այդպիսի մի սողանք Լոռու մարզում կա, որը գտնվում է նախարարության մշտական հսկողության ներքո: Մեկ այլ վտանգավոր սողանք ևս կա կրկին Լոռու մարզում, այն սպառնում է ճանապարհին և երկաթգծին:
«Սողանքներ կան, որի դեմը չենք կարող ոչինչ անել: Կան սողանքներ, որ համայնքի ներսում են, օրինակ` կա Ղափանում, Սարի թաղում: Դրանք համայնքային խնդիրներ են, մենք անվտանգության հարցն ենք լուծում, մնացած հարցերը չենք կարող լուծել, որովհետև չունենք համապատասխան ֆինանսական միջոցներ»,- ասաց նախարարը:
Ֆելիքս Ցոլակյանը նշեց նաև, որ ավելի վտանգավոր են այն սողանքները, որ ճանապարհների, բնակավայրերի, երկաթգծերի, գետերի ու ջրերի հետ են կապված: