«Սև ցուցակից հանողները». դրամաշորթման նոր տեսակ Հայաստանում
Իշխանափոխությունից հետո սկսված վարկային համաներումների արդյունքում մեր երկրում խաբեության նոր տեսակ է զարգանում: Հայտնվել են այսպես ասած՝ «սև ցուցակից հանողներ»: Այլ կերպ ասած՝ մարդիկ, ովքեր ներկայանում են միջնորդ՝ բանկի և իրենց ապագա զոհի միջև: Խոստանում են օգնել անհատին ոչ միայն նրանց անունը հեռացնել վարկային «սև ցուցակից», այլև միանգամից նոր խոշոր վարկ ձևակերպել՝ դրա համար պահանջելով կլորիկ գումար: Այն ստանալուց հետո տեղի է ունենում դասական դրամաշորթություն: Այսպես կոչված «միջնորդն» ուղղակի անհետանում է: Իսկ նրան վճարած անհատը ոչ մի ապացույց չունենալով՝ նախ փնտրում է խաբեբային, ապա հոգնում ու ճարահատյալ հաշտվում խաբված լինելու մտքի հետ:
Operativ.am-ին հայտնի է դարձել այսպիսի դեպքերից մեկը: ID Bank-ի աշխատակից ներկայացած ոմն Արման Մազմանյան, որն, ինչպես պարզվել է ավելի ուշ, նախկինում մի քանի անգամ դատապարտված Արման Խալաթյանն է, ծանոթանալով իր ապագա զոհի հետ՝ նրանից մաս-մաս կորզել է 300 000 ՀՀ դրամ՝ ասելով, որ վճարումներ է կատարելու՝ նրա տվյալները «սև ցուցակից» հանելու համար: Սկզբում ստացել է գումարի մի մասը, ապա ասել, որ տվյալ բանկի հաշվապահը, իբր, դժգոհ է, որ իրեն «ուշադիր չեն եղել», նոր վարկը ձևակերպելու գործարքը ընթացքի մեջ է և շտապ պետք է մյուս մասն էլ հասցնել:
Զոհը, որի անունը չենք հրապարակի իր իսկ խնդրաքնով, պարտքով գումար է վերցրել ու փոխանցել Արման Խալաթյանին՝ հույս ունենալով, որ հենց վարկը ձևակերպեն, պարտքը կվերադարձնի: Թղթերը ստորագրելու օրն է և ո՜վ հիասթափություն. Արմանն անհետանում է, դադարում է պատասխանել հեռախոսազանգերին, չի արձագանքում հաղորդագություններին:
Մեզ դիմած քաղաքացին նախ գնում է IDBank, որտեղ հերքում են որևէ կապ նշված անհատի հետ: Ապա քաղաքացին իր կապերն օգտագործելով գտնում է խաբեբայի տունը, զգուշացնում վերջինիս մորը….բայց կրկին արհամարհվելով՝ դիմում ոստիկանություն:
Առայժմ անհայտ է, թե խաբեբան արդյո՞ք կապ ունի բանկի հետ, թե՞ միայնակ է «գործում», արդյո՞ք ունեցել է այլ զոհեր ևս, արդյո՞ք ավարը վայելում է միանձնյա:
Այսօր արդեն ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաքննության փուլում է:
Արաքսյա Սնխչյան