Ոստիկանները առևանգված Mercedes G500-ը հայտնաբերեցին. դիմապակուն փակցված թղթին գրված էր. «Մենք բոլորս Զազո ենք»
SHAMSHYAN.com-ը գրում է․Երեկ՝
ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է
ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:50-ի սահմաններում ոստիկանության
Շենգավիթի և Սևանի բաժինների քրեական հետախուզության բաժանմունքների
ծառայողները Շենգավիթի ոստիկանապետ Հրաչ Խոստեղյանի և Սևանի բաժնի պետի
օպերգծով տեղակալի գլխավորությամբ, համագործակցելով ճանապարհային
ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի (դասակի
հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ) ծառայողների հետ ձեռնարկված
միջոցառումների շնորհիվ Երևան-Սևան ավտոճանապարհի 75-րդ կմ հատվածում
կայանված վիճակում հայտնաբերել են Mercedes G 500 մակնիշի 14 ՍՍ 414
համարանիշի ավտոմեքենան:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ՝ առավոտյան ժամը 9:10-ի
սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Հ. Գ.-ն և հայտնել,
որ Չեխովի փողոցի թիվ 21 հասցեում գործող ավտոլվացման կետի աշխատակիցը
ժամեր առաջ գողացել է ավտոմեքենան: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ
ոստիկանները պարզել են, որ ավտոմեքենան առևանգել է Վանաձոր քաղաքի բնակիչ,
31-ամյա Վահե Սանթրոսյանը և ձեռնարկվում են անհրաժեշտ
օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ մեր օրերի «Դետոչկինին»
հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում
նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները,
երբ հայտնաբերել են ավտոմեքենան, եղանակը եղել է անձրևային, իսկ դիմապակու
վրա Ա4 ֆորմատի թուղթ է եղել, որի վրա գրված է եղել. «Մենք բոլորս Զազո
ենք»: