«Русские Автобусы-Группа ГАЗ» ընկերությունը հետաքրքրված է Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխման ծրագրով
Երևանի
տրանսպորտային համակարգի բարեփոխման ծրագրին մասնակցելու ցանկություն է
հայտնել ավտոբուսների արտադրության ոլորտում հայտնի «Русские Автобусы -
Группа ГАЗ» ընկերությունը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի
լրատվական ծառայությունը։
ՍՊԸ-ի արտաքին տնտեսական դեպարտամենտի տնօրեն Դմիտրի Պիժիկովի գլխավորած
պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ
Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է այն հիմնական պահանջներն ու մոտեցումները,
որոնք տեղ են գտնելու քաղաքային տրանսպորտի նոր համակարգի ներդրման
ծրագրում:
«Երևանի քաղաքապետարանն այսօր նոր ավտոբուսների ձեռքբերման հարցում
առաջարկություններ է ստացել և ստանում ոլորտում հայտնի տարբեր
ընկերություններից: Տրանսպորտային նոր ցանցով առաջարկվում է Երևանում
գործարկել 845 ավտոբուս: Այժմ հստակեցվում են բոլոր այն չափորոշիչները,
որոնց համապատասխան էլ կընտրվեն անհրաժեշտ ավտոբուսները»,- նշել է Հրաչյա
Սարգսյանը:
Դեպարտամենտի տնօրեն Դմիտրի Պիժիկովը ներկայացրել է «Русские Автобусы-
Группа ГАЗ»-ի գործունեությունը՝ նշելով, որ ընկերությունն արտադրում է
քաղաքային տիպի ավելի քան 20 բազային ավտոբուսներ: Ընկերության
ավտոբուսները զբաղեցնում են ռուսաստանյան շուկայի շուրջ 75%-ը: Մոդելային
շարքի բազմազանությունը հնարավորություն է տալիս հաշվի առնել ավտոբուսների
երթևեկությունը նաև բարդ տեղանքի պայմաններում: Ինչպես տեղական, այնպես էլ
արտասահմանյան արտադրության պահեստամասերի ու այլ բաղկացուցիչների
կիրառումը հնարավորություն է տալիս ապահովել ավտոբուսների բարձր որակը:
Դմիտրի Պիժիկովը նաև նշել է, որ իրենք պատրաստ են հյուրընկալել երևանյան
պատվիրակությանը, որը տեղում կարող է ծանոթանալ ավտոբուսների արտադրական
գործընթացին ու տեխնիկական հնարավորություններին:
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը մեկ անգամ ևս ընդգծել է, որ
քաղաքապետարանը պատրաստ է քննարկելու ոլորտի բարեփոխմանն ու կանոնակարգմանն ուղղված ցանկացած առաջարկ, որը կհամապատասխանի մշակված նախագծով սահմանված պահանջներին: