Գարեգին Բ–ի հանդիսապետությամբ Ս. Գայանե վանքում կատարվել է Ոտնլվայի արարողությունը
Հայաստանյայց
Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր՝ ապրիլի 18-ին, հիշատակել է մեր Տեր եւ
Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը եւ Ս. Հաղորդության խորհրդի
հաստատումը:
Ավագ հինգշաբթի վաղ առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Հովհաննես
Մկրտիչ – Ս. Վարդան մատուռ-մկրտարանում կատարվել է Ապաշխարողաց կարգը:
Այնուհետեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն
Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ Մայր Աթոռի միաբանությունը Ս. Գայանե
վանքում մասնակցել է Միջօրեի ժամերգությունը եւ Սուրբ Պատարագի
արարողությանը: Պատարագիչն էր Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ.
Անանիա աբեղա Ծատուրյանը, ով Սուրբ Պատարագի ընթացքում ընթերցեց նաեւ Սուրբ
Բարսեղ Կեսարացու «Սուրբ Հաղորդության մասին» ճառը:
Նույն օրը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Ս. Գայանե վանքում կատարվել է Ոտնլվայի արարողությունը:
Մայր Աթոռի միաբանների կողմից կարդացվել են օրվա սուրբգրային
ընթերցվածքներն ու ԺԳ դարի նշանավոր վարդապետ Հովհաննես Պլուզ Երզնկացու
«Սիրո մասին» խրատը:
Այնուհետեւ Վեհափառ Հայրապետի ձեռամբ օրհնվել են խորանի վրա դրված ջուրն
ու յուղը, որից հետո Նորին Սրբությունը ծնրադիր լվացել եւ յուղով օծել է
տասներկու անձանց ոտքերը:
Նրանց թվում էին Մայր Աթոռի միաբաններից Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս
Բաբայանը, Հոգեշնորհ Տ. Արիս աբեղա Տոնոյանը, Բարեշնորհ Հրաչ սարկավագ
Սուլթանյանը, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի Ե լսարանի սան Բարեշնորհ Մեսրոպ
սարկավագ Հովհաննիսյանը եւ Երեւանի պետական համալսարանի Աստվածաբանության
ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Արման Միլիտոնյանը, «Իզմիրլյան» բժշկական
կենտրոնից օրթոպեդ-վնասվածքաբան Ստեփան Մաթոսյանը, զինծառայող շարքայիններ
Արթուր Համբարձումյանը եւ Սեւակ Առվոյանը, Մայր Աթոռի «Էօռնեկյան»
հանրակրթական դպրոցի աշակերտներ Նարեկ Յազյանն ու Հովհաննես Պաբլոյանը,
Մարսելի համազգային դպրոցի սան Մունգալ Մատթեոսը եւ Փարիզի դպրոցասեր
միության վարժարանի աշակերտ Սարգիս Քեշիշյանը:
Արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Պահպանիչ» աղոթքով
օրհնել է ներկա բարեպաշտ ժողովրդին, որից հետո օրհնված յուղը բաժանվել է
հավատացյալներին:
Ոտնլվային ներկա էին տարբեր երկրներից Հայաստան ժամանած Մայր Աթոռի
բարերար հայորդիներ եւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Բուենոս
Այրեսի (Արգենտինա) մասնաճյուղի տիկնանց հանձնախմբի անդամները: