Սողանքներ, ջրհեղեղներ Թբիլիսիում
Անցած գիշեր ուժգին քամին ու հորդառատ անձրևը լուրջ խնդիրնմեր էին ստեղծել Թբիլիսիի բնակչության համար:
Եղանակը Թբիլիսիում, ինչպես նաև ողջ Վրաստանում կտրուկ վատացել էր երեքշաբթի օրը: Երկրի ցածրադիր շրջաններում տեղացել էր անձրև, բարձրադիր շրջաններում՝ ձյուն: Քամու ուժգնությունը երբեմն վայրկյանում գերազանցել է 25 մետրը:
Թբիլիսիում ևս մոլեգնել է ուժեղ քամի: «Ռուսթավի 2» ՀԸ-ի հաղորդմամբ` Թբիլիսիի Մոսկովյան պողոտայում, ինչպես նաև Նուցոբիձեի փողոցում քամին տապալել էր 2 հաստաբուն ծառ, որն ընկել է մոտակայքում կայանված ավտոմեքենների վրա: Տուժածներ չկան:
Թբիլիսիի հին թաղամասերից մեկում՝ Հավլաբարում, փլուզվել է վթարային շենքերից մեկի պատը:
Վատ եղանակը խնդիրներ է ստեղծել նաև Վրաստանի տարբեր շրջաններում: Խարագաուլիի շրջանի կենտրոնական մայրուղում տեղի է ունեցել սողանք, իսկ Ջիխվելա գետի վարարման հետևանքով հեղեղվել են ճանապարհներ:
Առատ ձյան և բքի հետևանքով ժամանակավորապես փակվել էր Գուդաուրի-Վերին Լարս ավտոմայրուղին: