Այս պահին նպատակահարմար չի համարվում ուժային կառույցները դարձնել քաղաքական (տեսանյութ)
Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ընդդիմախոսներին բացատրեց, որ կառավարությունն առաջարկում է իր կառուցվածքի մասին այնպիսի փոփոխություններ, որոնք ավելի արդյունավետ կդարձնեն իր իսկ աշխատանքը։ Իսկ պատգամավորները, ըստ Մակունցի, կարող են ներկայացնել առանձին առաջարկներ։
Պատգամավորի խոսքով՝ այս նախագծի շրջանակներում չի քննարկվում, թե ինչպես պետք է Ազգային ժողովը վերահսկողություն իրականացնի կառավարության ենթակա գերատեսչությունների նկատմամբ․ դա պետք է քննարկել առանձին։
«Այն պնդումը, որ մենք վերահսկողություն չունենք Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության նկատմամբ, ճիշտ չի արտացոլում իրական պատկերը։ Այստեղ խնդիրն այն է, որ մենք, իհարկե, ցանկություն ունենք, որպեսզի նրանց աշխատանքները դառնան ավելի հրապարակային», – ասաց Մակունցը։
Նա առաջարկեց միասին՝ ընդդիմության և իշխանության պատգամավորներով մշակել նախագիծ, որով ԱԱԾ-ին և ոստիկանությանը պարբերաբար կհրավիրեն ԱԺ՝ հարցուպատասխանի։