Ավտովթար Էրեբունի- Աթոյան խաչմերուկում. կա տուժած
Ապրիլի 16-ին՝ ժամը 23:05-ին, 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունի փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Էրեբունի և Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են «Opel Zafira» մակնիշի (վարորդ` Հ.Դ.) և «ՎԱԶ-2121» մակնիշի (վարորդ՝ Հ.Դ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Ա.Թ.-ն (ծնված 1959 թ.), հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: