Լոռիում տրվել է 44 անօթեւան ընտանիքների համար կառուցվող տների շինաշխատանքների մեկնարկը. Ներկա է եղել Պապիկյանը
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ ապրիլի 16-ին, Լոռու մարզի Լեռնապատ համայնքում մասնակցել է երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների կիսակառույց բնակելի տների շինարարական աշխատանքների մեկնարկին:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Լեռնապատ համայնքի ղեկավար Սարիբեկ Աբազյանը, ինչպես նաեւ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, Լոռու մարզպետարանի, «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ:
ՀՀ կառավարության 2018թ. նոյեմբերի 22-ի թիվ 1339-Ն որոշման համաձայն` 2018թ. պետական բյուջեով հատկացվել է 458 մլն դրամ՝ Լոռու մարզի 13 գյուղական համայնքներում բարձր պատրաստվածություն ունեցող թվով 44 բնակելի տների կիսակառույցներն ավարտին հասցնելու համար:
Ծրագիրն իրականացնելու համար ՀՀ կառավարությունը համագործակցում է «Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության հետ: