Միջնորդել են կալանավորել Զարթոնքի նախկին գյուղապետի թոռանը
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այս պահին ընթանում է Զարթոնք գյուղում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալված Զարթոնքի նախկին համայնքապետի թոռան՝ Նարեկ Մելքոնյանի խափանման միջոցի գործով դատական նիստը։
Քննիչը միջնորդել է երկու ամսով կալանավորել Մելքոնյանին։
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին միջադեպ էր տեղի ունեցել Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում։
Մի խումբ գյուղացիներ հարձակվել էին Զարթոնքի դպրոցի հաշվապահի, ապա գյուղապետ Պարույր Սարգսյանի տան վրա, վնասել նրա անձնական ու ծառայողական ավտոմեքենաները։ Տեղի էր ունեցել ծեծկռտուք, որի ժամանակ մասնակիցներից մեկը որսորդական հրացանով օդ էր կրակել:
Վիճաբանությունը ծագել էր նախօրեին մասնակիցներից մեկի եղբորը մարմնական վնասվածք պատճառելու միջադեպի կապակցությամբ: Արդյունքում՝ խուլիգանություն կատարելու կասկածանքով 2 անձ ձերբակալվել էր, որոնցից մեկը Սարգսյանի թոռն էր։ Նույն օրը երեկոյան Պարույր Սարգսյանը հրաժարական տվեց։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է` խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով։ Բացի Նարեկ Մելքոնյանից, այս գործով ևս մեկ անձ է ձերբակալվել։