ԵՄ-ն ցանկանում է տեսնել ուժեղ Ուկրաինա և Վրաստան. Կարլ Հարցել
«Եվրամիությունը ցանկանում է տեսնել հնարավորինս ուժեղ Ուկրաինա և ուժեղ Վրաստան», – լրագրողների հետ զրույցում ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Կարլ Հարցելը:
Դեսպանը մեկնաբանել է ապրիլի 12-ին Վարշավայում Ուկրաինայի սփյուռքի հետ հանդիպմանը Միխեիլ Սաակաշվիլիի արած հայտարարությունը, թե շատ հաջողակ Ուկրաինա ոչ մեկին պետք չէ, ինչպես ոչ-ոքի պետք չէր չափազանց հաջողակ Վրաստանը: Սաակաշվիլիի խոսքերով`մի կողմից Պուտինն է, որն Ուկրաինայի կարիքը չունի, իսկ մյուս կողմից Արևմուտքը` գաղութային մոտեցմամբ:
«Ես չեմ ուզում ընդգրկվել բանավեճում՝ չիմանալով հայտարարության ենթատեքստը, հանգամանքներն ու նպատակները, որոնց շրջանակներում Սաակաշվիլին արել է այդ դիտարկումը:
Ակնհայտ է այն, որ Եվրամիությունը ցանկանում է ավելի ուժեղ Ուկրաինա և որքան հնարավոր է՝ ուժեղ Վրաստան: Սա այն է, ինչ տեսնում եմ իմ ամենօրյա աշխատանքում, սա է Բրյուսելի գլխավոր ոգեշնչումը», – հայտարարել է Վրաստանում ԵՄ դեսպանը: