Ես հավատում եմ, որ այն նորամուծությունները, որ Նիկոլ Փաշինյանը այսօր մտցնում է բանակցային գործընթացում, կարող են բերել որոշակի առաջընթացի. Կարեն Անդրեասյան
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում անդրադարձել է Արցախյան հիմնահարցի կարգավորման ներկայիս գործընթացներին.
«Այն, որ հակառակորդի կրակոցից զինվորները չեն մահանում, մեծ ձեռբքերում է: Սա հույս և օրինակ է, որ հնարավոր է բանակցություն, դիալոգ: Բանակցային ձևաչափի փոփոխության առումով կարող եմ ասել, որ կարծում եմ, որ վերջապես Հայաստանը նախահարձակ գործողություններ է անում»,- ասել է նա:
Կարեն Ադրեասյանը նշել է, որ արդեն սովորություն էր դարձել, որ ամեն շաբաթ կամ ամեն օր լսում էին, որ հակառակորդի կրակոցից զինվոր է մահացել: Նախկին ՄԻՊ-ի խոսքով՝ կարծես արդեն հասարակության ցավը բթացել էր, իսկ այս պահին որոշակի հանդարտություն կա երկու պետությունների մեջ:
«Ես հավատում եմ, որ այն նորամուծությունները, որ Նիկոլ Փաշինյանն այսօր մտցնում է բանակցային գործընթացում, կարող են բերել որոշակի առաջընթացի: Ոչ թե ոմանք պետք է չարախնդան և ասեն, որ սրանք պարտվողական գործողություններ են և ոչնչի չեն բերի, այլ պետք է ուժ տանք և հանրային աջակցություն ցուցաբերենք»:
Կարեն Անդրեասյանը նշեց, որ եթե մենք ցանկանում ենք խաղաղություն, ապա մեր հասարակությունները պետք է պատրաստ լինեն խաղաղության և, ի տարբերություն մեր հարևան երկրի, մեր հասարակությունը միշտ խաղաղասեր է եղել: