Թուրքիայում օդի աղտոտվածության պատճառով տարեկան 30․000 մարդ է մահանում
Թուրքիայում առնվազն 60 մլն մարդ ամեն օր աղտոտված օդ է շնչում։ Այս
մասին հայտնի է դարձել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (TBMM)՝ շրջակա
միջավայրի հարցերով վարչության կողմից հրապարակված «Օդի աղտոտվածության»
տարեկան զեկույցից։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ըստ այդմ՝ օդի աղտոտվածության ամենաբարձր աստիճանը գրանցվել է Իզմիր,
Ստամբուլ, Անկարայում, Ադանա, Քահրամանմարաշ, Էրզրում և Աղրը նահանգներում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝
աշխարհում յուրաքանչյուր տարի 7 մլն մարդ է մահանում օդի աղտոտվածության
պատճառով։ Իսկ ըստ Տնտեսական համագործակցության և զարգացման
կազմակերպության (OECD) հրապարակած վերջին զեկույցի՝ Թուրքիայում
յուրաքանչյուր տարի նույն պատճառով կյանքից զրկվում է 30․000 մարդ։
Ֆոսիլային վառելիքների, ջերմային էլեկտրակայանների, արդյունաբերական ծխի
և, ի վերջո, փոշու պատճառով աղտոտվող օդը մեծ վտանգ է ներկայացնում
առողջության համար։ Օդի աղտոտվածության պատճառով առաջացող
հիվանդությունների շարքում առաջին տեղում շնչառական համակարգի
հիվանդություններնն են՝ ընդհուպ մինչև թոքերի քաղցկեղը։