Facebook-ի բաժնետերերը պահանջում են Ցուկերբերգի հրաժարականը
Facebook ամերիկյան ընկերության բաժնետերերը պահանջել են կառավարման խորհրդի ղեկավարի պաշտոնից Մարկ Ցուկերբերգի հեռացում։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի կայքում՝ բաժնետերերի ամենամյա ժողովի նախաշեմին։
Ամենամյա ժողովը պետք է կայանա մայիսի 30-ին։ Նախաձեռնության հեղինակների խոսքով՝ 2018 թվականի հուլիսից Facebook-ի կապիտալիզացիան ղեկավարության որոշումերի պատճառով ընկել է 40 տոկոսով։ Բացի այդ, նրանք մատնացույց են անում որոշ բաժնետերերի հանդեպ դրսևորվող խտրականությունը, քանի որ նրանց տրամադրվում է ձայնի պակաս իրավունք։
Ցուկերբերգին է պատկանում բաժնետոմսերի ընդամենը 13 տոկոսը, սակայն նրա բոլոր ձայների մասնաբաժինը կազմում է 51 տոկոս, ինչը թույլ է տալիս նրան գրեթե միանձնյա կառավարել Facebook-ի քաղաքականությունը։ Առաջարկը կապված է մեղադրանքների հետ, որոնք հանգեցրին ընկերության արժեքի անկման․ դրանց թվում է Facebook-ի բազայի վրա կեղծ տեղեկատվության տարածումն ու միջամտությունն ընտրություններին։