Գծատերերի «ինստիտուտը» պարուրված է գաղտնիքով. բա հիմա ո՞ւմ են մուծվում. «Երկիր ծիրանի»
Հայտնի է, որ Հանրապետական կուսակցության իշխանազավթման տարիներին կայացվեց ու կատարելագործվեց, այսպես կոչված` «գծատեր» հասկացությունը: Այս մասին հայտարարություն է տարածել «Երկիր ծիրանի» կուսակցության ժողովի անդամ Արամ Ենոքյանը:
Հայտարարությունում նաեւ ասվում է.
«Գաղտնիք չէ նաեւ, որ այդ «ինստիտուտը» ՀՀԿ-ի ֆինանսական աղբյուրներից մեկն էր (անգամ խոսվում էր տարեկան տասնյակ միլիոնավոր դոլարների մասին)…
Գրեթե միշտ երթեւեկում եմ մետրոյով: Սակայն օրերս մի քանի անգամ օգտվեցի «հուսահատության» գազելներից: Եվ ակամայից հետեւյալ հարցերն առաջացան.
Ներկայումս գծատերեր կա՞ն, թե՞ ոչ:
Եթե կան ու այդ համակարգն այժմ էլ գործում է, ապա հիմա ո՞ւմ են այդ գծատերերը «մուծվում»:
Եթե միաիշխող ՀՀԿ-ին փոխարինել է միաիշխող ՔՊԿ-ն, ապա այդ գծատերերից քանի՞սն են այնքան «դուխով», որ շարունակեն սպասարկել ՀՀԿ-ի «օբշակը», այլ ոչ թե` ՔՊԿ-ի:
Եթե «գծատեր» հասկացությունն այլեւս անցյալում է, ապա որտե՞ղ են հանգրվանում այդ միլիոնավոր դոլարների հասնող գումարները:
Եթե այլեւս գումարներ չեն հավաքվում գծատերերի համար, ապա գծատերերի նախկին «փայը» ներկայում ինչպե՞ս է բաշխվում (գրեթե վստահ եմ, որ այդ հսկայածավալ գումարները հաստատապես բաժին չեն հասնում դրանք իրենց քրտինքով վաստակողներին` վարորդներին):
Եվ չմոռանանք, որ ԿԱՐԳԻՆ քաղաքապետը առնվազն երկու տարվա գործունեության երաշխիք է տվել «հուսահատության» գազելներին, հետեւաբար` խիստ տրամաբանական է ենթադրել, որ փողի համն առած գծատերերը դժվար թե բաց թողնեին այդ հնարավորությունը: Իսկ դա նշանակում է, որ մեծ եկամուտների այդ «պրոյեկտը» բնավ էլ կազմալուծված չէ եւ նախկինի պես գործում է` պարզապես «օբշակի» անունն ու հասցեն փոխված կլինեն…
Հ.Գ. Վաղուց չեմ օգտվել «մահվան» վերելակներից – հետաքրքիր է` տնտեսական հեղափոխության գլխավոր հիմք հանդիսացող համահայկական շաբաթօրյակի շրջանակներում դրանք նո՞ւյնպես աղբազատվել են: