Ի՞նչ է ուզում Ջուլիան Ասանժը և ինչ կապ ունի նա Հայաստանի հետ (տեսանյութ)
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ապրիլի 11-ին ձերբակալել են
Լոնդոնում գտնվող Էկվադորի դեսպանատնից: Ոստիկանությունը հայտնել էր, որ
Էկվադորի իշխանությունները Ասանժին ապաստան տալու իրավունքը հետ էին
կանչել:
Ձերբակալության պատճառը ԱՄՆ պետդեպարտամենտի և Պենտագոնի կարևորագույն
փաստաթղթերի արտահոսքն է, որ տեղի է ունեցել մի քանի տարի առաջ:
Ասանժի ձերբակալությանը անդրադարձել է տեղեկատվական անվտանգության
փորձագետ Սամվել Մարտիրոսյանը և մեկնաբանել, թե ինչ կապ կարող է ունենալ
Ասանժը Հայաստանի հետ.
«WikiLeaks-ն ունի գաղափարախոսություն, Ասանժը ասում է, որ
պետությունները ամեն ինչ անում են, որպեսզի մարդկանց դարձնեն թափանցիկ,
գաղտնալսեն և այլն, սակայն իրենց անում են ամեն ինչ, որպեսզի իրենց
գործունեությունը լինի մթան շղարշի տակ»:
Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ WikiLeaks-ը փորձել է անել ամեն բան, որ պետությունը չդառնա ռեպրեսիվ մեքենա և գաղտնի կնիքի «զոհը»:
Փորձագետը նշեց, որ պետություններն ինչ իրենց ձեռքի տակ ընկնում է,
գաղտնագրում են, և սա, իր կարծիքով, Հայաստանի համար ևս խդնրահարույց հարց է.
«Օրինակ Հայաստանում կա օրենք, ըստ որի՝ հույժ գաղտնի
փաստաթղթերը պետք է մնան գաղտնի 30 տարի և պետք է բացահայտվեն, եթե
լրացուցիչ մի նոր որոշում չկայացվի: Ընդհանրապես փաստաթղթերը պետք է գաղտնի
մնան 10 տարի, ապա գաղտնազերծվեն: Հայաստանում ոչինչ չի գաղտնազերծվում:
Տարիների ընթացքում նախարարությունները գաղտնագրում են ահռելի քանակի
փաստաթղթեր և չեն գաղտնազերծում»:
Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ ամեն տարի ընդամենը 1 կամ 2 փաստաթուղթ է
գաղտնազերծվում, իսկ դա նորմալ չէ: Փորձագետը վստահ է, որ այս դեպքում մեծ
վտանգ կա, որ կոռուպցիոն գործարքը կարող է գաղտնազերծվել:
Տեղեկատվական անվտանգության փորձագետը առաջարկեց ԱԺ-ում հանձնաժողով ձևավորել, որը կզբաղվի գաղտնազերծվող փաստաթղթերի հարցով: