«Երևանյան հեռանկարներ» փառատոնը կբացվի «Գրեմմիի» հնգակի մրցանակակրի համերգով
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը հայտարարում է
իր 20-րդ հոբելյանական փառատոնի բացման մասին: Փառատոնի բացման հանդիսավոր
արարողությունը տեղի կունենա ապրիլի 29-ին`ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյան
համերգասրահում բրիտանական The Swingles լեգենդար վոկալ խմբի համերգով:
Հիսուն տարվա պատմություն և հինգ «Գրեմմի» մրցանակ ունեցող խումբը
ձևավորվել է Փարիզում, Ուորդ Սվինգլի կողմից: Առաջին «Սվինգլների»
էստրադային երգիչները Շառլ Ազնավուրի, Էդիտ Պիաֆի և Միշել Լեգրանի
ձայնակցողներն էին, նրանց մեջ էր նաև վերջինիս քույրը` Քրիստին Լեգրանը:
Խմբին համաշխարհային ճանաչում է բերել 1960թ. թողարկված Յոհան Սեբաստիան
Բախի ստեղծագործությունների փոխադրումը ութ ձայների համար: Երևանում
խումբը հանդես կգա Look Back (ForWard) ծրագրով:
«Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնն
անցկացվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո: Փառատոնի 20-րդ
հոբելյանական տարին իրականանում է «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ: