Դալայ լամային հիվանդանոցից դուրս են գրել
Տիբեթյան բուդդայականների առաջնորդ Դալայ լամա XIV-ը ուրբաթ առավոտյան Նյու Դելիի հիվանդանոցից դուրս է գրվել: Այս մասին հայտնել է AFP-ն՝ վկայակոչելով Դալայ լամայի անձնական քարտուղարին:
«Նա հիվանդանոցից դուրս է եկել 08:00-ին: Հիմա իրեն շատ լավ է զգում»,- ասել է քարտուղարը:
Ապրիլի 9-ին Դալայ Լամա XIV-ը, գտնվելով Դհարմսալա քաղաքի իր նստավայրում, բողոքել է վատ զգացողությունից։ Բժիշկներն ախտորոշել են թոքերի վարակ եւ նրան ուղարկել Նյու Դելիի հիվանդանոց։
83-ամյա Դալայ լամա XIV-ը հոգեւոր եւ քաղաքական գործիչ է, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1989)։ Նա ակտիվ ճամփորդում է, հանդիպում քաղաքական ղեկավարների, գիտնականների հետ, մասնակցում միջդավանաբանական ժամասացությունների։