Գենետիկները պապուասների ԴՆԹ-ի մեջ հին մարդկանց նոր ենթատեսակի հետքեր են գտել
Նոր Գվինեայի եւ պոլինեզիական մի շարք կղզիների բնակիչների ԴՆԹ-ի անալիզը օգնել է
գենետիկներին գտնել հին մարդկանց եւս մեկ խմբի հետքեր։ Նրանք հավակնում են
եւս մեկ նոր տեսակի կոչմանը՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։
2010թ․ դեկտեմբերին հայտնի պալեոգենետիկ Սվանտե Պաաբոն հայտարարել էր
մարդկանց «երրորդ» տեսակի հայտնաբերման մասին, որի աճյունը՝ մատի մեկ
ոսկորը, գտնվել էր Ալթայում ռուսական Դենիսովյան քարանձավում։ Այդ
բացահայտումը արվել էր գենոմի հատվածների «վերակենդանացման» շնորհիվ, որոնք
պահպանվել էին քարանձավում գտնված հին մարդու ոսկորների երեք
հատվածներում՝ մատի ոսկորի եւ երկու ատամների մեջ։
Ինչպես կարծում էին գիտնականները, գտնված «դենիսովականները» մոտ 50 000
տարի առաջ քարանձավում ապրող նեանդարտալցիների ազգականներն են եղել։
Պարզվել է, որ «դենիսովցիները» ծագել են շատ ավելի վաղ, քան կարծում էին
գիտնականները, եւ եղել են մարդկանց առանձին ենթատեսակ։ Նրանց ԴՆԹ-ի հետքերը
մնացել են ժամանակակից պոլինեզացիների, Հարավային Ամերիկայի եւ
Հարավարեւելյան Ասիայի մի շարք ժողովուրդների գենոմներում։
Ավելի ուշ Պաաբոն եւ նրա գործընկերները, որոնց թվում ռուս գիտնականները,
պարզել են, որ Դենիսովյան քարանձավի որոշ բնակիչներ նեանդարտալցիների եւ
դենիսովցիների հիբրիդ են եղել, ընդ որում նրանց միջեւ կապը առկա է մի քանի
սերունդների մոտ։ Դա պալեոգենետիկներին ստիպել է հետքեր փնտրել Homo
sapiens-ի այլ հինավուրց «նախնիների» շրջանում։