Առանձնակի դաժանությամբ սպանություն կատարած Ալավերդու բնակիչը կալանավորվել է
46-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Ալավերդի քաղաքի բնակչին. վերջինս կալանավորվել է:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. ապրիլի 4-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի 30-ամյա բնակիչը, ով Երեւան քաղաքի բնակիչ Արսեն Սարդարյանի ավտոմեքենայով Երեւանից ուղեւորվել է Ալավերդի, ճանապարհին վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել նրա գլխի շրջանին՝ վերջինիս պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:
Հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, նույն ավտոմեքենայով դիակը տեղափոխել է Ալավերդի համայնքի վարչական տարածքում գտնվող ամայի վայր եւ այրել, որից հետո այրված դին տեղափոխել է Լոռու մարզի Աքորի գյուղի ճանապարհին կից գտնվող դաշտավայր եւ թաքցրել հողի ու տերեւների տակ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 30-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: