Սաուդյան Արաբիայում սկսել են աշխատել առաջին կին օդային կարգավարները
Սաուդյան Արաբիայի Ջիդա օդանավակայանում սկսել են աշխատել առաջին 11 կին ավիակարգավարները, հայտնում է Saudi Gazette պարբերականը:
Ավելի վաղ նրանք անցել են իրենց տեսակի մեջ առաջին մարզական ծրագիրը, որը կանանց պատրաստում է թագավորությունում օդային կարգավար աշխատելուն: Ներկայումս համանման պատրաստություն է անցնում եւս 15 սաուդցի կին:
«Ընկերությունը կանանց աշխատանքի է ընդունում տարբեր ոլորտներում, որ իր ավանդը բերի «Տեսլական-2030»-ի մեջ, եւ որպեսզի մեծացնի կանանց մասնակցությունն աշխատանքի շուկայում»,- հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարել է Saudi Air Navigation Services-ի գլխավոր գործադիր տնօրեն Ռայան Թարաբզոնին:
Կին օդային կարգավարների պատրաստման մեկամյա ծրագիրը ներառում է 13 առարկա, որոնց թվում են ֆիզիկան, մաթեմատիկան, ավիացիոն տերմինաբանությունը, ինչպես նաեւ օդային կարգավարների մի շարք բազային մարզական դասընթացներ:
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի «Տեսլական-2030» (Saudi Vision 2030) բարեփոխումների ծրագրերն ուղղված են նավթից երկրի տնտեսության կախվածության նվազեցմանը, տնտեսության մասնավոր հատվածի զարգացմանը, այդ թվում՝ առողջապահության, կրթության, ենթակառուցվածքների, հանգստի եւ տուրիզմի: