Կամչատկայի հայ համայնքի նախագահ Արթուր Խաչատրյանը, պարգևատրվեց սփյուռքի նախարարության ոսկե մեդալով
Ապրիլի 5-ին սփյուռքի նախարարի պարտականությունները կատարող Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդունեց Ռուսաստանի հայերի միության Կամչատկայի երկրամասի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ, գործարար, բարերար Արթուր Խաչատրյանին:
Բարձր գնահատելով Արթուր Խաչատրյանի գործունեությունը՝ Բաբկեն Տեր Գրիգորյանն ընդգծեց, որ քաջատեղյակ է նրա կատարած աշխատանքներին, Կամչատկայի հայ համայնքի ձևավորման, կայացման գործում ունեցած ավանդին և մեծ դերակատարությանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Արթուր Խաչատրյանը նշեց, որ մեծ ուրախություն է հայրենիքում նման վերաբերմունքի արժանանալը: Կամչակտայում շուրջ 2500 հայ է ապրում, և չնայած հայերի ներկայությունն այնտեղ տասնամյակների պատմություն ունի, որպես կայացած համայնք կազմակերպվել ու գործել են չորս տարի առաջ: Հենց Արթուր Խաչատրյանի անմիջական աջակցությամբ և հովանավորությամբ են գործում համայնքը, նրան կից կիրակնօրյա դպրոցը և պարային համույթը: Ըստ նրա՝ Հայաստանից դուրս ապրող հայերն առնվազն մայրենի լեզվին պետք է տիրապետեն: Այսօր 25 աշակերտ ունեցող կիրակնօրյա դպրոցում 3 տարում սովորում են հայերեն գրել, կարդալ, ծանոթանալ Հայաստանի պատմությանը: Իրենց արմատներին կառչած մնալու շնորհիվ է նաև, որ Կամչատկայում առկա մյուս, ավելի մեծ թվով ներկայություն ունեցող ազգային փոքրամասնությունների կողքին՝ հայերն ամենահզոր համայնքն ունեն:
Հյուրն անդարադարձավ նախարարության հետ արդյունավետ համագործակցությանը և հույս հայտնեց, որ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը կշարունակի սերտ աշխատել Կամչատկայի համայնքի հետ, հանդես գալ համատեղ նոր նախաձեռնություններով: Բաբկեն Տեր Գրիգորյանը նշեց, որ գործելով վարչապետի աշխատակազմում և ունենալով համակարգման և վերահսկման լայն լծակներ՝ հանձնակատարի գրասենյակը կկարողանա սփյուռքի հետ գործակցությունը տեղափոխել առավել մեծ արդյունավետության դաշտ, աջակցել համայնքներին, մշակել միասնական համահայկական օրակարգ՝ ազդակներ ստանալով հայ համայնքներից: Նախարարի պաշտոնակատարը հավելեց՝ անգամ ամենահեռավոր համայնքները պիտի զգան՝ Հայաստանն իրենց թիկունքին կանգած է: