Կապանի բնակիչը գուլպաների մեջ թմրանյութ է անցկացրել ՀՀ պետական սահմանով
Օրերս ոստիկանության ու պետական այլ կառույցների փոխգործակցության արդունքում հաջողվել է կանխել Հայաստան ապօրինի թմրամիջոցներ ներկրելու հերթական փորձը:
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 30-ին, ոստիկանության Կապանի բաժնում ստացված տեղեկություններն իրացնելով՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության «Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության», Սյունիքի մարզային վարչության Մեղրիի և Կապանի բաժինների ծառայողները Մեղրիի սահմանապահ զորքերի աշխատակիցների հետ համատեղ «Ագարակ» հսկիչ-անցագրային կետից բերման են ենթարկել Կապանի բնակիչ Էդիկ Պողոսյանին:
Պողոսյանն առանց իրացնելու նպատակի առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց պահելու, փոխադրելու և մաքսանենգություն կատարելու դիտավորությամբ, խախտելով տեղափոխման համար նախատեսված սահմանափակումները, գուլպաների մեջ տեղավորելով պահել ու ՀՀ պետական սահմանով տեղափոխել է անհայտ անձանցից ապօրինի ձեռք բերված՝ ընդհանուր 250 հատ «պրեգաբալին 150», «պրեգասոլ 150» և «տրամադոլ» տեսակի թմրամիջոց:
Հարուցվել է քրեական գործ: Էդիկ Պողոսյանը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: